ՀայաստանՍոցիալական

Ջրաձորում նոր գյուղի կառուցումը կսկսվի 2026 թվականին

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի հետ կապված ծրագիրը կսկսվի 2026 թվականին։ Այս մասին Ազգային ժողովում «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ծրագրի նպատակն է ապահովել գյուղի բնակիչների վերաբնակեցումը՝ հաշվի առնելով Կապսի ջրամբարի կառուցումը և ջրամբարի ավազանում հայտնված գյուղի տեղափոխման անհրաժեշտությունը։

Նախարարի խոսքով՝ ջրամբարաշինական աշխատանքներն ընթացքի մեջ են, և վերջին ամիսներին նկատվում է շինարարական ակտիվացում։ Ծրագիրն իրականացվելու է կապալառու ընկերության հետ, որը հայկական չէ։

Ավելի վաղ հայտնի էր դղարձել, որ Ջրաձոր գյուղի բնակիչների համար Հայաստանում կառուցվելու է առաջին տիպային էկոգյուղը: Բնակիչները կստանան փոխհատուցում ոչ միայն բնակարանների, այլև իրենց օժանդակ շինությունների, այգիների ու վարելահողերի համար։ Փոխհատուցման ամբողջ բյուջեն մոտ 5 մլրդ դրամ է:

Կապսի ջրամբարի շինարարությունը, որը տասնամյակներ շարունակ ձգձգվել է, մեկնարկել է 2023 թվականի գարնանը և երեք տարուց պետք է ավարտվեր: Սակայն, ինչպես տեսնում ենք աշխատանքները դեռ ընթանում են։ Չի կառուցվել նաև նոր Ջրաձոր գյուղը, որի աշխատանքները պետք է սկսվեին դեռևս 2024 թվականին։

Այնուամենայնիվ՝ ջրամբարի կառուցումից հետո մոտ 25 հազար հեկտար հողատարածքներ Շիրակի մարզում և Թալինի մոտ աստիճանաբար ոռոգելի կդառնան, ինչը կնպաստի տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը: