Ալավերդու ճոպանուղին կվերադարձվի համայնքին
Ալավերդու ճոպանուղին, որը Հայաստանի միակ տրանսպորտային նշանակության ճոպանուղին է, շուտով կվերադարձվի համայնքին։ Այս մասին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Մարզպետի խոսքով՝ մինչ այժմ ճոպանուղին և «Մետալուրգ» մարզադաշտը հաշվառված էին Ալավերդու պղնձաձուլարանի հաշվեկշռում, և համայնքը չէր կարող այնտեղ գումար ծախսել։ Մկրտչյանը նշեց, որ Կադաստրի կոմիտեի հետ համատեղ սկսվել են իրավական գործընթացները, և ճոպանուղին վերադառնում է Ալավերդի համայնքին՝ որպես սեփականություն։
Նա նաև հույս հայտնեց, որ հաջորդը «Մետալուրգ» մարզադաշտը կլինի, որը նույնպես կվերադառնա համայնքին։
Հիշեցնենք, որ Ալավերդու ճոպանուղին կառուցվել է 1977 թվականին՝ պղնձաձուլարանի աշխատակիցների համար, և արդեն շուրջ 10 տարի չի շահագործվում։ Ճոպանուղու փակման հիմնական պատճառների մեջ նշվում էր այն փաստը, որ այն շահութաբեր չէ և վնասներով է աշխատում, քանի որ Ալավերդու 13 հազար բնակչությունից ամսական միայն 500-600-ն էր օգտվում ճոպանուղուց։ Հարկ է նշել, որ այն կապում է քաղաքի երկու հատվածները, ինչը կարևոր է տեղացիների և այցելուների համար։
Ալավերու ճոպանուղու հարցը քննարկվել է նաև 2023 թվականին, երբ համայնքում իշխանության էր եկել «Ապրելու երկիր» կուսակցությունը։
