Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են
Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ նոյեմբերի 2-ին քննչական մարմինը որոշում է կայացրել կալանավորման նպատակով ձերբակալել 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ քարոզչությանը խոչընդոտելու համար։ Նրանք ձերբակալվել են։
Ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը որդիների հետ Ոսկեհատ գյուղում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացմանը։
Մկրտչյանի խոսքով՝ Ներսիսյանները փորձել են խանգարել իր թիմի օրինական քարոզարշավին, հրահրել վեճ և օգտագործել վիրավորական արտահայտություններ։
Փաստաբան Արա Զոհրաբյանը, իր հերթին, հրապարակել է տեսանյութ և նշել, որ դեպքը աղավաղված է ներկայացվում։ Նրա խոսքով՝ Համբարձում Ներսիսյանը պարզապես հրաժարվել է մասնակցել կուսակցության հանդիպմանը, և խոսակցությունը անցել է առանց բախումների։
Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում իշխանությունների և եկեղեցու միջև լարվածությունը խորացել է։ Այս պահին կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և դիվանապեպ Գարեգին Արսենյանը։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հանոց կաթողիկոս Գարեգի Բ–ի քրոջ որդին է։
