Ինչո՞ւ չի նվազել էլեկտրաէներգիայի գինը․ ՀԷՑ-ի նախկին տնօրենը մանրամասներ է հայտնել
Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացումը, որը մեկնարկել է 2022 թվականին, հանգեցրել է ֆինանսական կորուստների և կանխել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը։ Այս մասին նոյեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ 2023-2025 թվականների ընթացքում շուկայից դուրս է մնացել շուրջ 30 միլիարդ դրամ, ինչի հետևանքով հնարավոր չի եղել նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը։
Եթե այդ գումարը դուրս չմնար շուկայից, բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը տարեկան առնվազն 5 դրամով կարող էր նվազել։ Սոցիալապես անապահով խմբերի համար էլ այն կարող էր գրեթե անվճար դառնալ,– նշել է Ղազինյանը։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում վերացվել է էլեկտրաէներգիայի գնելու և վաճառելու մենաշնորհը․ շուկայում հայտնվել են թրեյդերներ, որոնք էլեկտրաէներգիա են վաճառում խոշոր սպառողներին՝ շրջանցելով ՀԷՑ-ը։
Ղազինյանի գնահատմամբ՝ սա հանգեցրել է շուկայի հավասարակշռության խախտման։
Որոշ դեպքերում մոնոպոլիան ավելի արդյունավետ է, քան ազատականացումը։ Սա հենց այդ դեպքերից է, երբ ազատ շուկան շահավետ է դարձել ոչ թե սպառողի, այլ միջնորդների համար,– ասել է նա։
Նրա խոսքով՝ հիմնականում թրեյդերներից օգտվում են խոշոր կազմակերպությունները, որոնք վճարում են ավելի ցածր սակագնով, ինչի արդյունքում բնակչության համար գինը մնում է անփոփոխ։
