Հայաստանը կստանա ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Հայաստանի կառավարությանը առաջիկա օրերին պաշտոնապես կհանձնվի Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ։
Նախարարի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն կտա հստակեցնել այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի պետական մարմինների կողմից՝ բարեփոխումների շրջանակում։ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ գործընթացն ակտիվորեն ընթանում է, և կողմերը նպատակ ունեն ապահովել վիզաների ազատականացման անցումը հնարավորինս արագ և արդյունավետ։
ՆԳ նախարարն անդրադարձել է նաև բիոմետրիկ անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման ընթացքին․ արդեն հաստատվել են քարտերի և տարածքային գրասենյակների արտաքին տեսքերը, ավարտվել են պայմանագրային համաձայնագրերի նախապատրաստման աշխատանքները, իսկ շենքային պայմանների վերանայման աշխատանքները կսկսվեն 2026 թվականի առաջին կիսամյակում։
Նախարարը նշել է, որ նոր համակարգի ներդրման ընթացքում առաջնահերթություն է տրվելու սպասումների և հերթերի կառավարելիությանը, ինչը կնպաստի անձնագրային ծառայությունների ավելի հարմարավետ և արագ կազմակերպմանը։
Հայաստանն ու ԵՄ-ն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել են 2024 թվականի սեպտեմբերին, և դրանից հետո կայացել են բազմաշահ հանդիպումներ և փոխայցելություններ՝ գործընթացի արագ առաջխաղացման նպատակով։
