ԵՊՀ-ից հեռացված դասախոսի թեմայի արծարծումը շարունակվում է . Գործը հասավ ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում անդրադարձել է ԵՊՀ-ից հեռացված դասախոս Սահակ Մանուկյանի գործին՝ նշելով, որ նախարարությունը բողոքը ստացել և ուղարկել է համալսարան՝ ուսումնասիրության։
«Սա մեկ դեպք չէ, այլ շարունակական վարքագիծ։ Մեր ուսանողները բավական հասուն են՝ հասկանալու դասախոսության բովանդակությունը և տարբերելու կրթական նպատակը քաղաքական կամ անձնական շեշտադրումներից։ Դասախոսները պետք է խուսափեն ժամավաճառությունից ու լսարանները այլ նպատակներով օգտագործելուց»,– ընդգծեց նախարարը։
Անդրեասյանը նշեց, որ տարիներ շարունակ բուհերում ձևավորված կենցաղային խոսակցությունները, ուսանողներին ուղղված ոչ ակադեմիական հայտարարությունները կամ քաղաքական բնույթի մեկնաբանությունները պետք է մնան անցյալում։ «Ուսանողներին թիրախավորելն անթույլատրելի է։ Եթե նրանք նման վարք չեն հանդուրժում՝ ճիշտ են վարվում»,– ասաց նա։
Նախարարը նաև արձագանքեց «Գևորգյան» ճեմարանի հետ կապված դիտարկումներին՝ նշելով, որ այն լիցենզավորված բուհ է, և նույն պահանջները վերաբերում են նաև նրան։
«Այստեղ խոսքը տեսուչի ելույթի մասին է, որը կարող էր ընկալվել որպես քաղաքական բնույթի հայտարարություն։ Այդ հարցը քննարկման փուլում է, և նման դեպքերը աննկատ չեն մնա»,– հավելեց Անդրեասյանը։
