ԿրոնՀայաստան

«Շողակաթ»-ը դուրս է մնում հանրային եթերից

Հոկտեմբերի 24-ին ԱԺ-ն ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանն առաջարկել էին հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը կրճատել՝ 3-ից դարձնելով 2։


Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը,անդրադառնալով հեռուստաալիքի փակմանը, նշել է, որ «Շողակաթը»-ին եթերից զրկելու խնդիրը նոր չէ․ 2020 թվականին ընդունված օրենքով՝ «Շողակաթը» դասվել էր կրթական-մշակութային ուղղվածություն ունեցող հեռուստաալիքների խմբում, որը հակասում էր ալիքում տեղ գտած կրոնական բովանդակությանը։ Հակոբյանի խոսքով՝ ալիքն այդպես էլ չի վերակառուցել իր ծրագրային քաղաքականությունը։

«Ես կարծում եմ՝ չի կարելի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում և՛ Աստծո առաքելությունից խոսել, և՛ ցույց տալ քաղաքական բովանդակություն»,- ասաց Հակոբյանը՝ շեշտելով, որ այս երևույթն առաջինը նկատել էր հենց հեռուստադիտողը։

Վերջին մեկ տարվա ընթացքում «Շողակաթ»-ի դիտելիությունը գրեթե հասել է զրոյի, լսարան չի եղել, ինչի հետևանքով հարցը պետք է լուծում ստանար։ Այնուամենայնիվ, հանձնաժողովը չի պատրաստվում մեկնաբանել՝ օրենքը ճիշտ է, թե սխալ, քանի որ այն արդեն ընդունված է, և այս փուլում քննարկումները ուշացած են։

«Եթե «Շողակաթը» ունի այլ նպատակներ և ֆինանսավորվում է եկեղեցական կառույցների կողմից, կարող է առանց որևէ խոչընդոտի շարունակել գործունեությունը կաբելային հեռարձակման հարթակներում, որոնք այսօր հասանելի են բնակչության մոտ 80 տոկոսին»,- նշեց Հակոբյանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն այդքան էլ համաձայն չեն «Շողակաթ» հեռուստատեսության հետ կապված որոշման հետ և կարծում են, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ լուծում գտնել։

Մարինա Գրիգորյան