Զեղծարարությունների նոր սցենար․ քաղաքացիներին ներկայանում են որպես պետական կամ բանկային աշխատակիցներ
Հայաստանում տարածվել է զանգերի նոր ձևաչափ, երբ հանցագործները ներկայանում են որպես ԱԱԾ, Կենտրոնական բանկի կամ այլ պետական և բանկային համակարգերի աշխատակիցներ՝ տարբեր պատրվակներով պահանջելով գումար փոխանցել կամ QR‑կոդեր ուղարկել։ Այս մասին հայտնում են կիբեռոստիկանությունից՝ ներկայացնելով նոր զարգացումները և կանխարգելիչ միջոցառումները։
Հանցագործները կարող են պահանջել նաև կրիպտոակտիվներով աշխատող բանկոմատների QR‑կոդերը, որոնք թույլ են տալիս գումար հափշտակել։ Նման դեպքում քաղաքացիներին մի բան է մնում՝ ոչ մի դեպքում նման հրահանգներին չենթարկվել։
ՆԳՆ կիբեռոստիկանությունից նշում են, որ վերջին շրջանում նման դեպքերը շատացել են, իսկ խարդախները ավելի հնարամիտ են դարձել։ Ոստիկանությունը համագործակցում է SkyLabs ընկերության հետ, որի տերմինալներն առավել հաճախ են օգտագործվում նման գործողությունների համար։ Կողմերի համաձայնությամբ համակարգը արդիականացվում է, որպեսզի կանխվեն ապօրինի փոխանցումները և հանցագործները չկարողանան տնօրինել գողացված գումարները։
Փորձագետների գնահատմամբ՝ կիբեռխարդախությունների աճը պայմանավորված է ինչպես քաղաքացիների անտեղյակությամբ, այնպես էլ կրիպտոարժույթներով գործարքների տարածմամբ։
