Տիգրանի քույրն ու եղբայրները մասնագիտական խնամք կստանան ՀՕՖ-ում
Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը նոր մանրամասներ է ներկայացրել՝ կապված Ծափաթաղ գյուղում անհետ կորած և սպանված գտնված 3-ամյա Տիգրանի ընտանիքի շուրջ առաջացած զարգացումների հետ։ Նրա խոսքով՝ երեխայի քույրն ու եղբայրները այսօր տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն։ Գալոյանը նշեց, որ նախօրոք զրուցել են մայրիկի և երեխաների հետ։
Որոշեցինք երեխաներին հենց այսօր տեղափոխել ՀՕՖ։ Մոր հետ զրուցեցինք, մի փոքր հուզվեց։ Ասացինք՝ արի այսօր տեղափոխենք։
Գալոյանի խոսքով՝ տեղափոխման պահին երեխաները տարբեր կերպ են արձագանքել․ նրանցից մեկը հաշմանդամություն ունի և չի արձագանքել որևէ կերպ։ Դեպքի վայրում եղած երեխան շարունակում է լռել։
Մեծ աղջիկն էր խոսում, ասացինք՝ եղբայրներիդ ուշադիր կլինես։
Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը նիստ էր հրավիրել՝ երեխաների խնամքի կազմակերպման հարցը որոշելու համար: Նիստի ժամանակ որոշվել էր, որ երեխաներն այդ միջավայրից պետք է դուրս գային։ Տեղի ունեցած ողբերգությունից հետո երեխաների մայրը որոշել է լքել համայնքը և տեղափոխվել իր հորական տունը։
