ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի միջև նախատեսվում է ավելացնել թռիչքները, քննարկվում է Գյումրի-Կարս երկաթուղու բացումը

Հայաստանի և Թուրքիայի միջև նախատեսվում է ավելացնել ավիաթռիչքների թիվը՝ Երևան, Գյումրի և Թուրքիայի քաղաքների միջև։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովում՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին։ Միևնույն ժամանակ, թուրքական դիվանագիտական աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ սահմանը բացելու հարցը դեռևս չի քննարկվում, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։

Միրզոյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունները հակապատկերն են հայ-ադրբեջանական հարաբերություններին․ եթե Բաքվի հետ հաստատվել է խաղաղության գործընթաց, ապա Անկարայի հետ դեռ փակ են սահմանները և չկան դիվանագիտական հարաբերություններ։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Միրզոյանը նաև նշել է, որ հույս ունի՝ առաջիկայում հնարավոր կլինի բացել Գյումրի–Կարս երկաթուղին։ Նրա խոսքով՝ Թուրքիայից ստացվող ազդակները դրական են, և կողմերը պահպանում են գրեթե ամենօրյա երկխոսություն։

Վերջին շաբաթներին Հայաստանի ղեկավարությունը ընդգծում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առաջընթացը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Անկարայի հետ դրական երկխոսությունը հույս է տալիս՝ առաջիկայում հնարավոր կլինի բացել սահմանը։

Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։