Վայոց ձորում բացահայտվել է բեզոարյան այծի ապօրինի որս․ կա երեք ձերբակալված
Ըստ ՆԳՆ փոխանցման՝ Եղեգնաձոր քաղաքի բաժնի աշխատակիցների կողմից հոկտեմբերի 29-ին բացահայտվել է, որ երեք տղամարդ Գնիշիկ–Մոզրով բնակավայրերի տարածքում ապօրինի որս են իրականացրել՝ հրազենի կիրառմամբ։
Երեկոյան Ագարակաձոր գյուղում իրավապահները նկատել են նրանց ավտոմեքենան։ Տեսնելով ոստիկաններին՝ տղամարդիկ դուրս են եկել մեքենայից․ նրանցից մեկը նետել է որսը՝ բեզոարյան այծի մարմինն ու կաքավները, մյուսը՝ երկու որսորդական հրացան։
Քարագլուխ գյուղի 37-ամյա բնակիչը դեպքի վայրում ձերբակալվել է, իսկ նրա 36-ամյա համագյուղացին և Եղեգնաձորի 49-ամյա բնակիչը ավտոմեքենայով փորձել են դիմել փախուստի։ Մոտ 500 մետր հեռավորության վրա 49-ամյա տղամարդը ևս ձերբակալվել է, իսկ մյուսը շարունակել է փախուստը ոտքով։
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել է։ Ձերբակալված եղեգնաձորցին հայտնել է, որ հրացանն իրեն է պատկանում, իսկ ակոսափողը՝ Արփի գյուղի բնակչի։ Նոյեմբերի 3-ին Վայոց ձորի մարզային վարչություն է ներկայացել նաև փախուստի դիմած 36-ամյա տղամարդը։
Հարկ է նշել, որ ՀՀ օրենքը բեզոարյան այծի որսի և ոչնչացման դեպքում նախատեսում է 3 մլն դրամ տուգանք, հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկ ավելի։
