Կոմիտասի «Երևան Սիթիում» հրդեհը մարվել է
Երևանի Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհը ամբողջությամբ մարվել է 13։54–ին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նախնական տվյալներով՝ մեկ տուժած հոսպիտալացվել է։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներին և հարակից տարածքում գտնվող բենզալցակայանին։
Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Amnews-ին հայտնեց, որ երկու փրկարար ծխահարվել են։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։
Մինչ հրշեջների ժամանելը արդեն այդ վայրից քաղաքացիները տարհանվել են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի օջախը եղել է KFC սննդի օբյեկտում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր մեկնել են չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, ապա՝ հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ» հայտարարվելուց հետո ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև համապատասխան բաժինների հերթապահ խմբեր, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման թիմեր։
