Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Թե ինչ գործով է հետախուզումը հայտարարվել, այս պահի դրությամբ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ նրա դեմ դեռ 2019 թվականին քրեական գործ էր հարուցվել յուրացման, չարաշահումների և պաշտոնական կեղծիքի հոդվածներով։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականներն ու վարորդը 2017-2018 թվականներին աշխատանքի չեն հաճախել, սակայն աշխատավարձ ստացել են։
Վահե Հակոբյանը պատգամավորական մանդատը վայր է դրել 2022 թվականի նոյեմբերին։ Անցյալ տարվա սեպտեմբերին կալանավորվել էր նաև նրա եղբայրն՝ «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը։
2025 թվականի հունիսի 25–ին ԱԱԾ-ն խուզարկել էր Վահե Հակոբյանի ու նրա կնոջ՝ Para TV-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանի տունը: Առգրավվել էին հեռախոսները։ Էլիզաբեթ Պետրոսյանին տարել էին հարցաքննության։
