ԿրթությունՀայաստան

Սահմանամերձ Դավիթ Բեկի դպրոցը փակվելու վտանգի տակ է․ նոր դպրոցը բացվում է պոչամբարի մոտ գտնվող Արծվանիկում

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ադրբեջանի հետ սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղի դպրոցը փակվելու վտանգի տակ է։ Այն տեղափոխվելու է Արծվանիկ գյուղ, որտեղ արդեն նոր դպրոց է կառուցվում։ Այս հարցը քննարկվում է արդեն երկրորդ տարին։ Մարզից իշխանական պատգամավոր Դավիթ Դանիելյանը օրեր առաջ իր մտահոգությունն էր հայտնել այս թեմայով՝ նշելով, որ Դավիթ Բեկի դպրոցի վիճակը այդքան էլ վատ չէ, և այնտեղ եղած խնդիրները վերանորոգում իրականացնելով էլ կարելի է լուծել։

Սակայն հարկ է նշել, որ Արծվանիկ գյուղը գտնվում է Արծվանիկի պոչամբարի շրջակայքում։ Հայտնի է, որ այնտեղի բնակիչները ֆինանսական աջակցություն են ստանում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից՝ շրջակա միջավայրի ու առողջության ռիսկերի դիմաց։ Բացի այդ՝ այնտեղ պարբերաբար տարբեր ծրագրեր են իրականացվում, օրինակ՝ 2024 թվականի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հրապարակած հաշվետվության համաձայն՝ գյուղի 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին տրամադրվել են ջրատաքացուցիչներ։

Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով Պոչամբարները փակվում են

Բացի այդ՝ հարկ է նշել, որ Դավիթ Բեկը Կապանի համայնքի այն գյուղերից է, որը դեռ շարունակում է բնակեցված մնալ երիտասարդ ընտանիքներով և ունի պատմական անցյալ։ Այլ սահմանամերձ գյուղերի հետ համեմատած՝ այն ամենաշատն է բնակեցված և ունի 934 բնակիչ։ Մինչդեռ Արծվանիկում այս պահին 814 բնակիչ կա։

Դավիթ Դանիելյանը նշեց նաև, որ դպրոցը Դավիթ Բեկից տեղափոխելով՝ գյուղը կարող է կորցնել իր երիտասարդ բնակչությանը, քանի որ Արծվանիկում բնակիչներին ամսական աջակցություն է տրվում։

Արդյունքում՝ դպրոցի տեղափոխումը ոչ միայն կրթական, այլև սոցիալական, տնտեսական և անվտանգության հետևանքներ կարող է ունենալ։ Նման որոշումը կարող է նպաստել երիտասարդ ընտանիքների արտագաղթին, գյուղի բնակչության թվի կրճատմանը և համայնքի կենսունակության նվազմանը։

Բացի այդ, նոր դպրոցը բացվելու է մի գյուղում, որը ենթարկվում է պոչամբարի ազդեցության՝ առողջապահական խնդիրներ առաջացնելով աշակերտների համար։ Սա ստեղծում է լրացուցիչ ռիսկեր նոր դպրոցում կրթության համար և հարցականի տակ է դնում այն ծրագրերի արդյունավետությունը, որոնք ուղղված են երեխաների անվտանգ կրթության ապահովմանը։