ԱԺ փոխնախագահը հինգերորդ անգամ չի ընդունել Էդգար Ղազարյանին
«Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարում է, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հինգերորդ անգամ մերժել է իրեն քաղաքացիների ընդունելության շրջանակում։ Ղազարյանը սա գնահատում է որպես քաղաքական հայացքներով պայմանավորված խտրական վերաբերմունք։
Էդգար Ղազարյանի խոսքերով՝ ԱԺ-ից իրեն տեղեկացրել են, որ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նպատակահարմար չի համարում ընդունել իրեն. «Նա լիազորված է կազմակերպելու քաղաքացիների ընդունելություն, բայց միայն ինձ հրաժարվում է ընդունել։ Սա արդեն հինգերորդ դեպքն է, ինչը ես գնահատում եմ որպես նույն հանցագործության կրկնություն՝ խտրական վերաբերմունք քաղաքացու նկատմամբ»,– ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ մյուս քաղաքացիների ընդունելությունները ընթանում են սահմանված կարգով։ Նախորդ մերժումներից հետո Ղազարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Վերջինս ԱԺ-ից պարզաբանում էր պահանջել, թե ինչու են փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը հրաժարվում ընդունել նրան։
Գործիչը հայտնել է, որ մերժումների բոլոր դեպքերով դիմել է դատախազություն, և մի քանի գործերով դատարանը պարտավորեցրել է Քննչական կոմիտեին վարույթ սկսել։
Ղազարյանը նշել է, որ Ռուբեն Ռուբինյանի հետ ցանկանում էր քննարկել ոչ միայն իր դիմումի հարցերը, այլև իմպիչմենթի գործընթացը և ՀՀ ու Արցախի խորհրդարանների համագործակցության հանձնաժողովի գործունեությունը։ Բացի այդ, նա հարցեր ուներ Ռուբինյանի՝ 2016-ի ապրիլյան պատերազմի և հայ–թուրքական բանակցությունների հետ կապված գործունեության վերաբերյալ։
Ռուբեն Ռուբինյանի հետ չհանդիպելուց հետո Ղազարյանը երկրորդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Նա նաև փորձել է կապ հաստատել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրասենյակի հետ՝ տեղեկացնելու մերժումների մասին։ Ղազարյանի խոսքով՝ ի վերջո իրեն առաջարկվել է ընդունելություն ոչ թե ԱԺ նախագահի, այլ նրա օգնականի մոտ։
