Ամուլսարում խմելու ջուրը աղտոտվել է․ ի՞նչ է հայտնի
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել Ամուլսարի հանքի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա։
Բնապահպանները ահազանգել են, որ Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղում խմելու ջուրը փոխել է իր բնական գույնը և վիճակը։
Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ նշվում է, որ «վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
Հիշեցնենք, որ Ամուլսարը Հայաստանի երկրորդ խոշոր ոսկու հանքավայրն է, որը ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ն՝ միջազգային «Lydian International» ընկերության դուստր ձեռնարկությունը։ Տևական ժամանակ հանքը չէր գործում, իսկ 2019 թվականին ընկերությունը հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
2023 թվականին ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիա» և Եվրասիական զարգացման բանկը ստորագրեցին եռակողմ հուշագիր՝ նախատեսելով 250 մլն դոլարի ներդրում կատարել, սակայն 2024 թվականի դեկտեմբերին ԵԱԶԲ-ն ժամանակավորապես դադարեցրեց մասնակցությունը նախագծին։
Ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին հայտարարեց, որ Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները։ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ իր հերթի կանխատեսումներ էր անում, որ 2026 թվականին հանքից կարդյունահանեն 4 տոննա ոսկի։
Ամուլսարում հանքարդյունահանման խնդիրների մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են տարբեր մասնագետներ, բնապահպաններ, լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, և պայքարել են, որպեսզի այդ ծրագիրը չիրականացվի։ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կան տարբեր կարծիքներ։ Բնապահպանները մտահոգված են հանքի բաց արդյունահանման հնարավոր բացասական ազդեցություններով շրջակա միջավայրի վրա։ Նրանք նշում են, որ հանքի շահագործումը կարող է վտանգել Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները։ Բացի այդ՝ Ամուլսարի կողքով անցնում են Արփա և Որոտան գետերը: Արփան լցվում է Կեչուտի ջրամբարը, որն էլ, իր հերթին, թափվում է Սևան։ Այդ գետերի աղտոտումը անմիջական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի՝ խմելու ջրի պաշարների վրա։
Այստեղ մնում է եզրակացնել, որ բնակիչների մտահոգությունները արդարանում են։
