Երկու հեռարձակողները խախտել են օրենքի պահանջները
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 11-ին կայացրած որոշմամբ՝ վարչական տույժեր է կիրառել հեռարձակող երկու ընկերությունների նկատմամբ։
Հանձնաժողովը «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության լիցենզիան կասեցրել է 20 օրով: Այս որոշման հիմքում «Ավրորանյուզ»-ի գլխավոր խմբագրի դիմումն էր, որի համաձայն՝ Արարատի մարզում երեք հաճախականություններով 24 ժամ շարունակ հեռարձակում չի իրականացվել: Ընկերությունը պարզաբանել էր, որ տեխնիկական խափանում է եղել, սակայն հանձնաժողովը դա բավարար հիմք չի համարել։
Երկրորդ հարցը վերաբերում էր «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ»-ին: Հանձնաժողովը հայտնել է, որ մշտադիտարկման ընթացքում արձանագրվել էր, որ հոկտեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում «ՔԻՍՍ ԷՖԷՄ» հաղորդումների ընթացքում որոշ հաղորդավարներ եթերում հիշատակել են «Մանուկյան» գինու և կոնյակի գործարանի արտադրանքը, և դա արվել է օրենքով չսահմանված ժամին: ՀՌՀ-ի գնահատմամբ և համաձայն գործող օրենսդրության՝ հիշատակումները հանդիսացել են «հովանոցային գովազդ»։ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ»-ի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 500․000 դրամի չափով:
