Ավելի քան ութ հոգևորականի կանչել են Քննչական կոմիտե՝ Նաթան սրբազանի ձայնագրության գործով
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան ութ հոգևորական ՀՀ քննչական կոմիտե են կանչվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ հոգևորականները հրավիրվել են վկայի կարգավիճակով՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։
Զոհրաբյանը նշել է, որ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն շարքային քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Նրանք պետք է ներկայանան քննությանը այսօր և վաղը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին իշխանամետ լրատվամիջոցները հրապարակել էին 2023 թվականին արված ձայնագրություն, որտեղ Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը զրուցում է Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ՝ դժգոհելով, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի։
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ այդ ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
