Փաշինյանը հերքել է ռուսական հացահատիկից հրաժարվելու մասին տեղեկությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հերքել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տարածած տեղեկությունները, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱՀԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, որ Հայաստանը, քաղաքական նկատառումներից ելնելով, ցանկանում է «պոկվել» Մոսկվայից և աջակցել Ուկրաինային՝ հացահատիկի մի մասը գնելով Կիևից։ Ծառայությունը նաև նշել էր, որ ուկրաինական հացահատիկը մեկուկես անգամ թանկ է ռուսականից, իսկ Երևանը Բրյուսելին առաջարկել է փոխհատուցել այդ տարբերությունը։
ԱՀԾ-ի հաղորդագրության մեջ ասվում էր նաև, որ այս քայլը կարող է նպաստել «անվստահության ստեղծմանը Մոսկվայի և Երևանի միջև»։
Չնայած Մոսկվայի նման հայտարարություններին, մեզ չհաջողվեց նման տեղեկություններ գտնել ուկրաինական լրատվամիջոցներում կամ պետական գերատեսչությունների էջերում։ Միայն 2021 թվականին արված հրապարակումներից տեսնում ենք, որ Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել Հայաստան արտահանել ցորեն և գյուղատնտեսական այլ ապրանքներ։ Ուկրաինական կայքերից մեկն էլ գրում էր, որ Հայաստանի՝ ցորենի գլխավոր մատակարարը Ռուսաստանն է։
Նշենք, որ Հայաստանի հացահատիկի մոտ 90 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, իսկ ցորենի ինքնաբավությունը կազմում է 23,2 տոկոս։
Հիշեցնենք՝ շուրջ 35 տարվա դադարից հետո, նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել 1000 տոննա ռուսական ցորեն, իսկ նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը՝ նաև ղազախական ցորեն։ ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ մինչև 2026 թվականի հունվարի վերջ ռուսական ցորենի 132 վագոն երկաթուղով կհասցվի Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
