ԻրավականՀայաստան

Դիմակավորված անձինք ներխուժել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակների տներ. Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է

Նոյեմբերի 13-ին վաղ առավոտյան դիմակավորված անձինք ներխուժել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի տուն։ Վերջինս այդ մասին 7։10-ի սահմաններում տեղեկացրել է սոցցանցի իր էջում՝ գրելով, որ «հենց էս պահին դիմակավորված անձինք մտնում են մեր տուն»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ ուժայինները խուզարկություն են սկսել նաև փոդքասթի մյուս համահեղինակի՝ Նարեկ Սամսոնյանի տանը։

Ավելի ուշ Մելիքյանը տեղեկացրել է, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է և տեղափոխվել քննչական մարմին։ Նրա խոսքով՝ Սամսոնյանին առաջադրվող հոդվածը կապված է «խուլիգանության» հետ։

Փաստաբանը նաև նշել է, որ Սամսոնյանի տան մոտ է եղել, սակայն իրեն թույլ չեն տվել մուտք գործել բնակարան՝ խոչընդոտելով իր մասնագիտական գործունեությանը։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Հարկ է նշել, որ օրերը առաջ նրանք իրենց հաղորդմանը հյուր էին կանչել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ 7 ժամ տևած հարցազրույցում նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ սկսած 2018 թվականի հեղափոխությունից և իր հաժարականից մինչև 44-օրյա պատերազմի պարտության պատճառներ։ Դրան Փաշինյանը պատասխանել էր առավոտյան 10 ստատուսով։