ԻրավականՀայաստան

Հայտնի է, թե ինչու են ձերբակալվել «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակները

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած խոսքերին արձագանքելու համար։ Այս մասին ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարույթի նախաձեռնման առիթը Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկն է, որում վիրավորական արտահայտություններ են հնչեցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ապա Սամսոնյանն ու Սաղաթելյանը թեման շարունակել են նաև փոդքասթի շրջանակներում: Փաստաբանը հիշեցրել է, որ նոյեմբերի 7-ին Սամսոնյանը հարցազրույց է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո նոյեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանը նրանց անվանել է «շան տղերք»։

Մելիքյանը հայտնել է նաև, որ խուզարկություններ են իրականացվում «Antifake»-ի գրասենյակում և առգրավվում է ողջ տեխնիկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացրել Սամսոնյանի և Սաղաթելյանի տներում։ Փաստաբանի տեղեկացմամբ՝ խուզարկությունը Սամսոնյանի տանը տևել է մոտ 1.5 ժամ, որից հետո նրան ձեռնաշղթաներով տեղափոխել են քննչական մարմին։ Ձերբակալվել է նաև հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։ Վերջինիս տանը նույնպես խուզարկություններ են արվել։

Նարեկ Սամսոնյանը ձերբակալվելիս հայտնել է, որ իրեն առաջադրված հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն է՝ «խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»։

Հարկ է նշել, որ նրանք իրավապահների «ուշադրության կենտրոնում» էին հայտնվել նաև 2024 թվականին՝ կրկին նույն մեղադրանքով։ Նրանք կալանավորվել էին երկու ամսով։