ՀայաստանՍպորտ

Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Հունգարիային, Ռոնալդուն չի մասնակցի վերջին խաղին

Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի նախավերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 0։1 հաշվով պարտվեց Հունգարիայի ընտրանուն։

Հավաքականը խաղին ներկայացել էր առանցքի չորս ֆուտբոլիստների բացակայությամբ, ինչի պատճառով թիմի խաղը որոշ չափով փոփոխված էր։ Հունգարիայի հավաքականը խաղի սկզբից հանդես եկավ ակտիվ և ագրեսիվ ոճով՝ ցույց տալով, որ Երևան էր եկել բացառապես հաղթելու նպատակով։ Առաջին խաղակեսում Հայաստանի թիմը նախընտրեց հակագրոհների մարտավարությունը և պաշտպանությունում հանդես եկավ կազմակերպված։ Սակայն 33-րդ րոպեին Բառնաբաշ Վարգան գլխi հարվածով բացեց հաշիվը՝ գնդակը ուղարկելով Հենրի Ավագյանի դարպաս։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը զգալիորեն ակտիվացավ։ Վտանգավոր էին Էդուարդ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի հարվածները, որոնք դարպասից քիչ էին շեղվել։ Չնայած ակտիվ խաղին՝ մեր թիմը չկարողացավ խուսափել պարտությունից։

Հայաստանի հավաքականը խմբի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 16-ին՝ արտագնա խաղում մրցելով Պորտուգալիայի հավաքականի հետ։

Այդ հանդիպմանը չի մասնակցի Պորտուգալիայի ազգային թիմի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն։ Նախորդ խաղում Պորտուգալիան Իռլանդիայում 0։2 հաշվով պարտվեց, իսկ Ռոնալդուն այդ խաղում կարմիր քարտ ստացավ, ինչի հետևանքով որակազրկվեց և չի մասնակցի Հայաստանի հետ վերջին խաղին։

Մրցաշարային աղյուսակը ներկայում գլխավորում է Պորտուգալիան՝ 10 միավորով։ Հունգարիան ունի 8 միավոր, Իռլանդիան՝ 7, իսկ Հայաստանը՝ 3։

Հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ գոհ է թիմից։