Միասնության գինը. Ինչպե՞ս կրոնական համախմբումը և ներքին քաղաքական բանավեճերը ազդում են ազգային մարտահրավերների կառավարման վրա
Միջազգային անվտանգության համատեքստում տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու ունակությունը հաճախ պայմանավորված է պետական և հասարակական կառույցների միջև առկա համախմբման մակարդակով։ Հարևաններ Իրանի և Հայաստանի վերջին զարգացումները ցույց են տալիս այս կապի երկու տարբեր մոտեցումները։
Մինչ Իրանում կլիմայական ճգնաժամի սպառնալիքը (երաշտ) դարձել է պետություն-կրոն միասնականացման գործիք, Հայաստանում և հատկապես մայրաքաղաք Երևանում առողջության համար վտանգավոր բնապահպանական խնդիրների ֆոնին ի հայտ են գալիս ազգային ուժերի պառակտման մարտավարություններ՝ կենտրոնանալով եկեղեցու ներքին խնդիրների շուրջ բանավեճերի վրա։
Իրանում երաշտի սպառնալիքը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությամբ, որ տեղումները կազմում են նախորդ տարիների ընդամենը 3%-ը, և 19 ջրամբարների չորանալու վտանգը, վերածվել է ազգային համախմբման առանցքի։ Համաժողովրդական աղոթքը, որը ղեկավարվում է բարձրագույն հոգևորականի կողմից, պարզապես կրոնական արարողություն չէ. այն պետական քաղաքականություն է, որտեղ հոգևոր և քաղաքական իշխանությունները համատեղում են իրենց ջանքերը՝ ընդհանուր կենսական ճգնաժամը կառավարելու համար։ Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս կենտրոնացնել հանրային ուշադրությունը և ռեսուրսները կենսական խնդրի շուրջ։
Հակառակ պատկերն է դիտվում Հայաստանում։ Թեև Իրանի մասշտաբի երաշտի աղետ չկա, Երևանում օդի որակի կտրուկ վատթարացումը ստեղծել է առողջության համար վտանգավոր բնապահպանական ոչ բարվոք վիճակ։ Հակառակ սրա, պետական և հանրային գերակայությունները շեղված են։ Փոխարենը կենտրոնանալու բնապահպանական լուծումների վրա, էներգիան սպառվում է ներքին պառակտումների վրա։
ՀՀ իշխանությունները պնդում են, որ իրենց գործողություններն ուղղված են ոչ թե Եկեղեցու ինստիտուտի դեմ, այլ այն հոգևորականների խմբի դեմ, ովքեր թուլացնում են եկեղեցին՝ հեռանալով իրական հավատքից։ Այս մոտեցումը, անկախ դրա իրական դրդապատճառներից, ցույց է տալիս, որ ազգային համախմբման գործիքի բացակայության պայմաններում պետությունը և հանրությունը շեղվում են առավել կարևոր մարտահրավերներից՝ սեփական ուժերը ներքին կոնֆլիկտների վրա ծախսելով։ Այն դեպքում, որ մեր ներկայացրած բնապահպանակն խնդիրը, կարևոր մարտահրավերների խմբից ընդամենը մեկն է։
Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Իրանի՝ կրոնական-պետական միասնականության մոդելը, ճգնաժամային պահերին ապահովում է ազգային կառավարելիություն և ռեսուրսների կենտրոնացում՝ ընդհանուր վտանգի շուրջ։ Հակառակ պարագայում, Հայաստանում ներքին կառույցների միջև առկա լարվածությունը և հրապարակային բանավեճերը, որոնք դրսևորվում են արժեհամակարգային տարբերություններով, ուղղակիորեն խոչընդոտում են բնապահպանական կայունությանը և ազգային անվտանգությանը վերաբերող իրական մարտահրավերների լուծմանը։
Մինչ բնությունը հստակ ազդանշաններ է տալիս, Հայաստանի քաղաքական դաշտը զբաղված է ներքին խմորումներում վայրիվերումների հրահրմամբ և մասնակցությամբ։
