ԿրոնՀայաստանՔաղաքականություն

Հայաստանում առաջին անգամ Աղոթքի նախաճաշ. Փաշինյանը խոսել է խաղաղության և պետության հոգևոր հիմքերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աղոթքի նախաճաշին անդրադարձել է խաղաղությանը, պետության պատասխանատվությանը և քաղաքականության մեջ հոգևոր արժեքների դերին։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է երկրի առաջին Աղոթքի նախաճաշին՝ շեշտելով, որ այսօր Հայաստանի համար խաղաղության հաստատումն ունի ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգևոր իմաստ։ Վարչապետի խոսքով՝ պետությունն արդյունավետ կարող է գործել միայն այն դեպքում, երբ իր կառավարման մեջ կա բարեվարքության և արժեքների հստակ ընկալում։

Նրա դիտարկմամբ՝ պետության ու Աստծո հարաբերության մասին խոսելն անհրաժեշտ է, քանի որ այդ կապը ձևավորում է քաղաքական որոշումների որակը։

Անդրադառնալով միջազգային փորձին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում անցկացվող աղոթքի նախաճաշերի միջակայքում են տեղի ունեցել խաղաղության գործընթացի կարևոր փուլեր․ Հայաստանում ևս այս հանգամանքը, կարող է ունենալ իր խորհրդանշական նշանակությունը։

Միջոցառման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ընդգծելով, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս վերանայել պետության անցած ճանապարհը և հասկանալ, թե ինչ արժեքների վրա է կառուցվում երկրի ապագան:

Նախորդ օրը միջոցառմանը մասնակցել է մոտ 300 հյուր Հայաստանից ու արտերկրից։ Մայր Աթոռը հայտնել է, որ որևէ կազմակերպչական ներգրավվածություն չի ունեցել․ նրանց մասնակցությունը սահմանափակվել է միայն Դանիել եպիսկոպոսի կարճ ներկայությամբ։ «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչը բարձրաձայնել է հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումների վերաբերյալ մտահոգությունները։

Աղոթքի նախաճաշը կազմակերպել է քաղաքացիական հասարակությունը՝ վարչապետի աջակցությամբ: