Մասիս համայնքը նոր ղեկավար ունի․ նախկին համայնքապետը կալանավորված է
Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել ընդդիմադիր «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը։ Նա համայնքաետ է դարձել ավագանու միաձայն՝ 15 անդամների քվեարկությամբ։ Հակոբյանը մինչ այս զբաղեցնում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստին թեկնածու չէր առաջադրել։
Նորայր Հակոբյանը 2018 թվականին մի քանի ամսով ղեկավարել էր Մասիս քաղաքը՝ այն ժամանակ, երբ նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու մեղադրանքով։
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Դատավճռից մեկ օր անց նա սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ մեղադրանքները անհիմն են, և որ ինքը չի փախչում։ Հոկտեմբերի 28-ին Համբարձումյանը կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 31-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարեց ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։
Մասիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 5-ին։ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը ստացել էր 14, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 12 մանդատ։ Ավագանու մեկ անդամ էլ անկուսակցական է։
