Մայրաքաղաքը թարմացնում է տրանսպորտային պարկը
Երևանի քաղաքապետարանը գնել է 12 մետրանոց 45 նոր տրոլեյբուս, որոնք մայրաքաղաք կհասնեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում։ Այս մասին Ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ տրոլեյբուսների համար կանխավճարն արդեն փոխանցվել է, իսկ տրանսպորտային բարեփոխումների գործընթացը շարունակական է լինելու։
Քաղաքապետարանը նաև նախատեսում է ձեռք բերել շուրջ 250 հատ 18 մետրանոց նոր ավտոբուս, որի վերաբերյալ քննարկումները, Ավինյանի խոսքով, կկայանան մինչև տարեվերջ՝ ներդրումային կոմիտեի նիստում։
Հիշեցնենք, որ դեռ հունիսին քաղաքապետարանից հայտնել էին, որ տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից 30-ը թերի հավաքագրումների պատճառով չի կարող ձեռք բերվել։ Իրավիճակի համար մեղադրվում էին տրանսպորտի թանկացման դեմ պայքարողները, որոնց գործողությունները նվազեցրել էին համակարգի եկամուտները։
Հոկտեմբերին, սակայն, Ավինյանը հայտարարեց, որ առանց տոմսի երթևեկելու նկատմամբ վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի ընդունումից հետո տրանսպորտային համակարգի եկամուտները աճել են շուրջ 20%-ով։ Ուստի տրանսպորտային պարկի արդիականացումը դարձել է հնարավոր։
