ՀայաստանՊատահար

Ամուսինները կեղծել են դիմումներ ու հափշտակել ավելի քան 8,7 միլիոն դրամ․ նախաքննությունն ավարտված է

ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ ամուսինները օգտագործել են մի շարք կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի անունով տրված առցանց լիազորությունները՝ առանց իրական տնտեսվարողների գիտության։

Նրանք տարբեր ընկերությունների անունից դիմումներ են ներկայացրել Ֆինանսների նախարարություն և Պետական եկամուտների կոմիտե՝ իբր միասնական հաշվից գումարների վերադարձ և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման նպատակով նախատեսված միանվագ աջակցություն ստանալու համար։ Այդ դիմումների հիման վրա ամուսինները ստացել և հափշտակել են այն գումարները, որոնք պետք է տրամադրվեին իրական շահառուներին։

Ըստ ՔԿ-ի՝ հափշտակված գումարի չափը կազմել է 8 մլն 750 հազար 359 դրամ։

Ս. Բ.-ին և Ա. Ա.-ին առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն։