ԱշխարհՀայաստան

Երևան և Դոնի Ռոստով. գործակցության նոր հեռանկարներ՝ միջքաղաքային կապերի խորացմամբ

Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մեկնարկելով հանդիպումներ մայրաքաղաքային ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացումը և համատեղ ծրագրերի նոր ուղղություններ։

Ինչպես նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, տարիների ընթացքում Երևանը և Դոնի Ռոստովը հաջողությամբ իրականացրել են մի շարք համատեղ ծրագրեր տարբեր ոլորտներում, սակայն այսօր առկա է լայն դաշտ գործակցության նոր ուղղություններ ընդգրկելու և ծրագրերը թարմացնելու համար, որոնք կնպաստեն երկու քաղաքների զարգացմանը և քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։

Հանդիպումների հիմնական նպատակն է խորացնել քաղաքների միջև առկա կապերը, ստեղծել նոր նախաձեռնություններ և բնակիչների կյանքի որակը բարձրացնող համատեղ ծրագրեր։

Հայկական կողմից մայրաքաղաքային ղեկավար կազմից բացի, բանակցային գործընթացին մասնակցում է նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը։

Ռոստովյան պատվիրակության ներկայացուցչական կազմը, որի մեջ ընդգրկված են տեղի հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյնաը և քաղաքային խորհրդի հայազգի պատգամավոր Գևորգ Գրիգորյանը, մատնանշում է կողմերի միջև ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև միջմշակութային համագործակցության նոր հեռանկարներ։

Վաղը ևս ռուսաստանցի պատվիրակները կունենան գործնական հանդիպումներ և մշակութային այցեր։

Երկու կողմերի ներկայացուցչական կազմի առկայությունը խոսում է խորքային գործակցության պատրաստակամության մասին, որի մանրամասները կբացահայտվեն գործնական քայլերի ընթացքում։