Դոնի Ռոստով-Երևան․ քույր քաղաքների 20-ամյա հարաբերությունները մուտք են գործում տնտեսական համագործակցության նոր փուլ
Դոնի Ռոստովի պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորությամբ, ավարտում է իր եռօրյա այցը Երևան, որը նվիրված էր երկու քույր քաղաքների հարաբերությունների հաստատման 20-ամյակին։ Պատվիրակությունը նոյեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած կազմի հետ՝ ամրապնդելու համար մշակութային կապերն ու նախանշելու գործակցության տնտեսական ուղղությունները։
Քաղաքապետ Սկրյաբինը, AmNews-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում, ամփոփել է երկու տասնամյակի ձեռքբերումները. «Մեր այցը պաշտոնական է, և այն զուգադիպում է այն իրողության հետ, որ լրացավ Դոնի Ռոստով և Երևան քաղաքների քույր քաղաքներ դառնալու ճիշտ 20-ամյակը։ 20 տարիների համար ամոթ չէ հետ նայել»։ Նա նշել է սպորտում, մշակույթում և հատկապես կրթության ոլորտում ակտիվ փոխանակումները, որոնք ներառում են դասախոսների ու ուսանողների փոխայցեր։
Մատնանշվեց, որ գործնական կարևոր քայլ են կողմերը նախաձեռնել՝ քննարկումների առանցք դարձնելով հարաբերությունների եռամյա ծրագրի թարմացումը, որը ներառելու 2026-2028 թվականներ։ Քաղաքապետը հայտարարել է. «Այն, ինչ հիմա կատարվում է, իրականում անցել է այն հարթություն, երբ ժամանակն է ավելի խորքային իրականացնելու մեր քաղաքների տնտեսական կապերը»։ Նա ընդգծել է, որ իշխանությունների միջև ձևավորված վստահելի հարաբերությունները բավարար են, որպեսզի բիզնեսը կարողանա կառուցել երկարաժամկետ տնտեսական կապեր։


Նոյեմբերի 21-ին ռոստովյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղիկներ զետեղելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Կազակային զորքին նվիրված հուշահամալիրի մոտ (դիտեք այստեղ)։ Ծրագրի կարևոր մաս էին կազմում նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ու հուշահամալիր, «Հաղթանակ» զբոսայգի կատարած այցերը։ Գործնական համագործակցությունը դրսևորվել է նաև Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց այցով, որտեղ նահանգապետի անունից փոխանցվել են ուսումնագրենական պիտույքներ և ինտերակտիվ գրատախտակ։


Բնապահպանական ընդհանուր մարտահրավերը քննարկելուց հետո, քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ համատեղ նախատեսում են այսօր ծառատունկ է իրականացրել Նոր Նորքի «Տորք Անգեղ» այգում։
Պատվիրակության կազմը ներառում էր. Վիտալի Վիկտորի Զոլոտուխին (Դոնի Ռոստով քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալ՝ տնտեսական հարցերով), Զուրաբ Մալխազի Քիդաձե (Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարսկի շրջանի վարչակազմի ղեկավար), Անդրեյ Վասիլի Կոսենկո (Դոնի Ռոստով քաղաքի Ժելեզնոդորոժնի շրջանի վարչակազմի ղեկավար), Սերգեյ Սերգեյի Կովալենկո (Դոնի Ռոստով քաղաքի ղեկավարի 1-ին օգնական), Եվգենի Վլադիսլավի Գովորովսկի (Դոնի Ռոստով քաղաքի վարչակազմի արտաքին կապերի և միջմունիցիպալ համագործակցության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար), Գևորգ Գրիգորի Գրիգորյան (Դոնի Ռոստով քաղաքային դումայի պատգամավոր), Հարություն Սուրմալյան (Դոնի Ռոստով հայկական համայնքի նախագահ)։
Պարոն Սկրյաբինն իր խոսքում առանձնահատուկ կարևորել է Դոնի Ռոստովի պատմության մեջ հայկական ներդրումը՝ հիշատակելով Նոր Նախիջևանի տնտեսական և մշակությաին անուրանալի ներդրումը։ «Այսպիսով, երկու քաղաքների հարաբերությունները, որոնք խոր արմատներ ունեն պատմության մեջ, ամրապնդվում են նաև տնտեսական նոր նպատակներով»,- ամփոփեց քաղաքպետ Սկրյաբինը։
