Հայ փորձագետները ուղիղ թռիչքով մեկնել են Ադրբեջան․ հայտնի է թե ովքեր են պատվիրակության կազմում
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում՝Հեյդար Ալիևի օդանավակայանում․ հայ փորձագետների խումբը հասել է Ադրբեջան։ Բաքու ժամանած ներկայացուցիչներն են Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։
Այցը կազմակերպվել է Երևանի և Բաքվի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսության շարունակության շրջանակում։ Հայաստանի կառավարությունը 17 մլն 550 հազար դրամ է տրամադրել՝ նոյեմբերի 21–22-ը Բաքվում կայանալիք կլոր սեղան–քննարկմանը հինգ հայ փորձագետների մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև Երևան–Բաքու–Երևան չարտերային թռիչքը կազմակերպելու համար։
Կառավարության որոշման հիմնավորումներում նշվում է, որ քննարկմանը մասնակցությունը պետք է ակտիվացնի հայ և ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների շփումները և նպաստի երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորման նոր մեխանիզմների ստեղծմանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Երևանում արդեն կայացել էր երկկողմ կլոր սեղան քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ, որին ներկա էր եղել նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
