Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին երկու ամսով կալանավորվել է
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, երկու ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Սպարտակ Ղուկասյանը նախօրեին էր ձերբակալվել։ Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի գործունեությանը խոչընդոտելու մեջ։ Նոյեմբերի 20-ին տեղեկություններ էին տարածվել, որ նրան դիմակավորված անձինք տեղափոխել են անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ պարզվել էր, որ նա գտնվում է իրավապահների վերահսկողության տակ։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ Սպարտակ Ղուկասյանը սեպտեմբերի 12-ից գտնվում էր տնային կալանքի տակ՝ շորթման գործով։ Քննիչը միջնորդել է նրան կալանավորել, և դատարանը բավարարել է միջնորդությունը։
Գործով տարվող քննությունը շարունակվում է։
