Հայաստանը կմասնակցի ջրային քաղաքականության գլոբալ քննարկումներին
Հայաստանը պաշտոնապես դարձել է Bled Water Forum միջազգային հարթակի փորձագիտական կոմիտեի անդամ։ Ինչպես նշում են Շրջակա միջավայրի նախարարությունից, կոմիտեում մեր երկիրը ներկայացնելու է նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ով համակարգում է բնապահպանական մի շարք առանցքային ուղղություններ, ներառյալ՝ անտառային ոլորտը, վտանգավոր նյութերի, թափոնների, հողերի և ընդերքի կառավարումը։
Bled Water Forum-ի նպատակն է խթանել բարձրորակ խմելու ջրի վերաբերյալ գիտելիքների, չափորոշիչների և արդի մոտեցումների զարգացումը աշխարհում։ Կազմակերպությունը միավորում է տարբեր երկրների մասնագետների. մասնավորապես նախորդ տարիներին ֆորումի քննարկումների մասնակցել են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Սլովենիայից, Սաուդյան Արաբիայից, Հվ. Կորեայից և այլն։ Կազմակերպության հետ համագործակցությամբ է իրականացվում նաև Water Sommeliers եվրոպական ծրագիրը, որի միջոցով խմելու ջուրը ստանում է մշակութային ու գիտական չափումներ։
Հայաստանի անդամակցությունը այս հարթակին նշանակալի է, քանի որ այն հնարավորություն է տալիս ամրապնդելու միջազգային փորձի փոխանակումը և զարգացնելու խմելու ջրի որակի, անվտանգության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող համատեղ նախաձեռնությունները։
