ԿԳՄՍՆ-Հայկ Դեմոյան վեճը տեղափոխվում է իրավական դաշտ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն ու նախարար Ժաննա Անդրեասյանը դատական կարգով պահանջում են հերքել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի կողմից 2025-ի սեպտեմբերին հրապարակված գրառումները, որոնք, ըստ իրենց, համարվում են վիրավորական և զրպարտիչ։ Հայցադիմումը ներկայացվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան նոյեմբերի 21-ին։
Նախարարությունը պահանջում է ոչ միայն հրապարակային հերքումներ, այլ նաև ընդհանուր 9 միլիոն դրամի փոխհատուցում։ Մասնավորապես՝ 3 միլիոն դրամ՝ վիրավորական արտահայտությունների համար, և 6 միլիոն դրամ՝ զրպարտության հատուցման կարգով՝ հօգուտ Ժաննա Անդրեասյանի և նախարարության։
Սեպտեմբերին Հայկ Դեմոյանը մի շարք գրառումներ էր արել, որոնցում քննադատել էր նախարարության գործունեությունը՝ խոսելով «հանցավոր անփութության», «կոռուպցիոն ռիսկեր պարունակող» որոշումների և «պետբյուջեի մսխման» մասին։ Դեմոյանը նաև մեղադրել էր նախարարությանը վատորակ դասագրքեր տպագրելու, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախահաշիվներում «կոռուպցիոն մանրամասներ» ունեցող գործընթացներ իրականացնելու համար։ Ըստ Դեմոյանի՝ ամիսներ շարունակ Հովհաննես Թումանյանի թանգարանի շենքը մնացել է կիսավեր վիճակում, մինչդեռ նախարարությունը «անիմաստ և կոռուպցիոն ռիսկեր պարունակող» նախագծերի վրա է կենտրոնացել։
ԿԳՄՍ նախարարությունը պնդում է, որ Դեմոյանի հրապարակումները փաստացի հանգեցրել են նախարարի և կառույցի հեղինակության վնասմանը։ Նրանք պահանջում են հրապարակային հերքում նույն հարթակում, որտեղ տարածվել են գրառումները՝ «Ֆեյսբուքում»։
