Իրանից Հայաստան թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձը ձախողվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Իրանից դեպի Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգ ներմուծման դեպք։
ՀՀ քաղաքացիներ Ա.Մ.-ն և Ս.Ս.-ն, նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով Իրանի քաղաքացու հետ, նոյեմբերի 10-ին կազմակերպել են թմրամիջոցների տեղափոխում Հայաստան՝ հետագա իրացման նպատակով։
Հանցախումբը հայ-իրանական պետական սահմանի սահմանային գոտում ստացել է թմրամիջոցի խոշոր խմբաքանակը Իրանի քաղաքացուց և փորձել է տեղափոխել Երևան։ Սակայն գործողությունը ժամանակին բացահայտվել է, և կասկածյալները ձերբակալվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից։
Քաղաքացի Ա.Մ.-ի ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 26 կիլոգրամ թմրամիջոց՝ 4,690 կգ «Մեթամֆետամին» և 20,842 կգ «Մարիխուանա»։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են անցկացվել նաև կասկածյալների բնակության վայրերում։ Արդյունքում հայտնաբերվել են երկու ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, իրացման համար նախատեսված տարբեր չափաբաժինների թմրանյութեր («Մեթամֆետամին» և «Մարիխուանա»), կեղծ թղթադրամներ, կասկածելի սրվակներ, էլեկտրոնային կշեռքներ ու օգտագործված ներարկիչներ։
Երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. վերջիններիս նկատմամբ կիրառվել է կալանք որպես խափանման միջոց։
