Մանկական կաթնախառնուրդի մեջ բակտերիաներ են հայտնաբերվել․ բժիշկները արձագանքում են
«Nestlé»-ն Եվրոպական շուկայից հետ է կանչել NAN EXPERT Pro Lactose-Free մանկական կաթնախառնուրդի L-51520346AC խմբաքանակը։ Նշվում է, որ դրա մեջ հայտնաբերվել է վտանգավոր բակտերիա։ Արտադրանքի պահման ժամկետը նշված խմբաքանակում վավեր է մինչև 2027 թվականի հունիս։ Այն վաճառվել է 400 գրամանոց փաթեթավորմամբ։
Տեղեկությունը երեկվանից տարածվում է մի շարք հայ բժիշկների սոցիալական էջերով, քանի որ տվյալ արտադրանքը կարող էր օգտագործվել նաև Հայաստանում։
Բժիշկները զգուշացնում են, որ կասկածելի խմբաքանակից կաթնախառնուրդ ձեռք բերած ծնողները պետք է անմիջապես դադարեցնեն դրա օգտագործումը և չտան այն երեխային։ Cronobacter spp. բակտերիան հազվադեպ հանդիպող բակտերիա է։ Այն կարող է նորածինների մոտ առաջացնել սեպսիս, մենինգիտ և նեկրոտիզացնող էնտերոկոլիտ՝ որոշ դեպքերում մահացու հետևանքներով։
«Nestlé»-ն էլ նշում է, որ վտանգավոր խմբաքանակի տուփերը պետք է ոչնչացնել և կապ հաստատել վաճառողի կամ ընկերության հետ՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար։
