Ճամբարակ–Թթուջուր հատվածում հրդեհը շարունակվում է
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր հատվածում հրդեհը դեռ տարածվում է։ Կրակը շարժվում է Դպրաբակի ուղղությամբ։ Հրդեհը բռնկվել էր 3 օր առաջ նոյեմբերի 21-ին` 3 օջախով, որոնցից երկուսը կարճ ժամկետում մարվել էին։ Սակայն Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ հրդեհը տարածվել է «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում։ Այրվում են ծառեր և խոտածածկ։
Մարման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ փրկարար ծառայության ուժեր, ուղղաթիռ, ինչպես նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների աշխատակիցներ։
Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով կրակը շատ հատվածներում մարվել է անհատական միջոցներով։ Բացի այդ` չոր ու քամոտ եղանակը դժվարացնում է հրդեհի ամբողջական մարումը։ Հրդեհը շարունակում է տարածվել Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
