Մայրաքաղաքում օդի որակը վատթարացել է
Երևանի օդում նախորդ գիշեր արձանագրված աղտոտման էական աճը պայմանավորված է ՀՀ տարբեր հատվածներում բռնկված խոշոր հրդեհներով։ Այս մասին այսօր գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ այս տեսակի հրդեհներից արտանետվող տոքսինները զգալիորեն վնասակար են առողջությանը։
Քաղաքապետի խոսքով՝ նման հրդեհների հետևանքով օդում առաջացող քիմիական միացությունները և ծխային մասնիկներն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին․ վերջինս առողջության համար 3-5 անգամ պակաս վնասակար է։ Արդյունքում մայրաքաղաքում արձանագրվել է օդի որակի կտրուկ վատթարացում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էլ իր հերթին հիշեցնում է, որ տերևաթափից առաջացած թափոնների այրումը ոչ միայն խորացնում է աղտոտվածության խնդիրը, այլև օրենքով արգելված է։ Գործող վարչական օրենսգրքի համաձայն՝ քաղաքացիների կողմից տերևների կամ այլ մնացորդների այրումը կարող է հանգեցնել նախազգուշացման կամ 50,000 դրամ տուգանքի, իսկ պաշտոնատար անձանց կողմից նույն խախտումը՝ 200,000 դրամ տուգանքի։
Տեսչական մարմինը կոչ է անում քաղաքացիներին բացառել այրումը և օգտվել թափոնների հավաքման ու տեղափոխման օրինական եղանակներից՝ կանխելով ինչպես օդի աղտոտումը, այնպես էլ սեփական առողջությանը հնարավոր վնասը։
