ՀայաստանՔաղաքականություն

Բաքուն մեսիջներ է փոխանցել Հայաստան

«Խաղաղության կամուրջ» անվանումը ստացած նախաձեռնության Բաքվի փուլը ավարտվել է, և այսօր կայացած մամուլի ասուլիսում նախաձեռնությանը մասնակցած հայ քաղհասարակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը մանրամասներ է ներկայացրել երկու օր տևած հանդիպումներից և դրանց արդյունքներից։

Քոչինյանը վստահեցրել է, որ այցերը լինելու են շարունակական․

«Սա մեկանգամյա ակցիա չի լինելու։ Կլինեն ինչպես նոր այցեր Հայաստան՝ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ, այնպես էլ Հայաստանի ներկայացուցիչների այցեր Ադրբեջան»,- ասել է Քոչինյանը։

Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում՝ այցերի կազմակերպման և անվտանգության ապահովման գործընթացում ակտիվորեն ներգրավված էին երկու երկրների պետական կառույցները։ Քոչինյանի խոսքով՝ ադրբեջանցի փորձագետները նշել են, որ Երևանում իրենց լիովին անվտանգ են զգացել, նույնը համաժողովին մասնակցող հայ մասնակիցները զգացել են Բաքվում։

Քոչինյանը նաև փոխանցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղերձները, որոնք վերջինս խնդրել է հասցնել հայ հանրությանը։

Հաջիևը փոխանցել է, որ Ադրբեջանի համար պատերազմն ավարտված է, և երկիրը ցանկանում է անցնել խաղաղության կառուցման փուլ։ Միաժամանակ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, և որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Իսկ Գերիների հարցի վերաբերյալ Քոչինյանը նշել է.

«Տեսակցելը առաջնահերթություն չէր մեր կողմից, թեև մենք այդ հարցը Երևանում բարձրացրել ենք։ Մեզ համար կարևոր է, որ վերադարձի առումով լինի առաջընթաց։ Հարցը քննարկվում է։ Հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ և ոնց և ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակներս»:

Նշենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Բաքվում մի շարք հանդիպումներ են ունեցել ադրբեջանցի փորձագետների հետ։ Մի քանի օր առաջ էլ համապատասխան հանդիպումներ կայացել էին Երևանում՝ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ։

Մարինա Գրիգորյան