Հայաստանը փոխում է օտարերկրացիների կացության տրամադրման համակարգը. կացութավճարը կավելանա
Հայաստանում օտարերկրացիների կացության կարգավիճակի տրամադրման համակարգը վերանայվում է։ Եթե այժմ գործում է երեք կարգավիճակ ժամանակավոր, մշտական և հատուկ, ապա օրենքի ընդունումից հետո կմնան երկուսը ժամանակավոր և մշտական։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Նրա խոսքով՝ կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը ամբողջությամբ կթվայնացվի` վարչարարությունը պարզեցնելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Փոխնախարարը նշեց, որ աշխատանքային հիմքով կացության տրամադրումը կհանվի։ Դրա փոխարեն կգործի քվոտավորման համակարգ։ Ընդ որում քվոտան ամեն տարի կընդունի կառավարությունը` հիմնվելով միգրացիոն միտումների և երկրի կարիքների վրա։
Փոփոխվում են նաև պետական տուրքերը. ժամանակավոր կացության համար՝ 105 հազար դրամի փոխարեն կսահմանվի 150 հազար դրամ, մշտական կացության համար՝ 140 հազար դրամի փոխարեն 250 հազար դրամ։
Հարկ է նշել, որ 2024 թվականին կացության կարգավիճակ է ստացել շուրջ 12.500 օտարերկրացի։ Նրանց մեծ մասը ժամանել է Ռուսաստանից, ապա՝ Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Սիրիայից և Ուկրաինայից։ Ղազարյանի խոսքով՝ դիմողների զգալի մասը հայեր են, և այս միտումը զգալիորեն չի փոխվել 2021 թվականից։
