ՆԳՆ-ն առաջարկում է նոր լուծում՝ հանցավորության դեմ պայքարի համար
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ հետախուզվող օտարերկրացիների համար:
Նախագծի նպատակն է լուծել առկա իրավական բացը, որը խոչընդոտում է քրեական պատասխանատվության կիրառմանը կամ դատավճռի իրականացմանը: Հիմք ընդունելով գործող կարգավորումները՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը անձին թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան, եթե վերջինս չունի անձը հաստատող վավեր փաստաթուղթ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս իրավիճակն առաջանում է, երբ հետախուզվողը հայտնաբերվում է օտարերկրյա պետության տարածքում, իսկ ՀՀ տեղափոխվելիս կամ ՀՀ-ից հանձնելիս անհնար է թույլ տալ նրա մուտքն ու ելքը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության պատճառով: Արդյունքում, անձը խուսափում է քրեական պատասխանատվությունից, իսկ սկսված վարույթը չի կարող իրականացվել:
