ՀայաստանՊատահար

Տավուշի և Գեղարքունիքի մարզերում շարունակվում են հրդեհները. փրկարարները դիմել են բնակիչների օգնությանը

Արդեն չորրորդ օրն է՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի տարբեր հատվածներում մոլեգնում են հրդեհներ։ Նոյեմբերի 21-ին տեղեկություն տարածվեց, որ մի քանի օջախներով հրդեհներ են բռնկվել Նավուր-Թթուջուր-Ճամբարակ ճանապարհահատվածում։ Վերջինս հայտնի է նաև որպես որը «Սարի ճամփա»։ Հրդեհը տարածվել է Ճամբարակից դեպի հյուսիս-արևմուտք՝ հասնելով Այգուտ գյուղի անտառներ և այրել Նավուրի «Սռտնի» կոչվող հանդամասը։

Դիլիջանի թունելի շրջակայքում` դեպի Վանաձոր գնացող ճանապարհին գտնվող անտառներում, ևս մեկ հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մեկ օջախ կա նաև Հովք-Ենոքահավանի մոտակայքում։

Ներքին գործերի նախարարությունից Amnews-ին հայտնում են, որ Տավուշի մարզում, «Կազաչի» և «Սռտնի» հանդամասերում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 296 փրկարար, ներառյալ էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և տեղացի բնակիչներ։

«Կազաչիում» կրակի դեմ պայքարում ներգրավված են 234 փրկարար և 28 էկոպարեկային ծառայող, իսկ «Սռտնիում»՝ 62 փրկարար, 40 էկոպարեկային աշխատակից և 53 գյուղացի բնակիչ։

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզում։ Բնակիչները արձանագրում էին, որ հրդեհը հասել է արդեն սահմանային գոտի։