ԻրավականՀայաստանՏնտեսություն

Ռուսաստանը դիտարկում է կեցության նոր ռեժիմ՝ ԵԱՏՄ երկրների բեռնատարների վարորդների համար

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստ է քննարկել ԵԱՏՄ անդամ երկրների բեռնատարների վարորդների համար հատուկ կեցության ռեժիմ սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ Ըստ դրանց՝ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատանքի նպատակով, կարող են երկրում գտնվել տարվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր։

Նոր սահմանափակումները դժգոհություններ էին առաջացրել բեռնատարների վարորդների շրջանում, քանի որ նրանց կեցության ժամկետը սպառվում է դեռևս տարին չավարտված՝ ճանապարհին ծախսված ժամանակի և սահմանային հերթերի պատճառով։

Սիմոնյանը նշել է, որ նմանատիպ հարցեր բարձրացվել են նաև Ղազախստանի ու Ղրղզստանի կողմից, իսկ, օրինակ, Բելառուսի վրա սահմանափակումները չեն տարածվել, քանի որ այն Միութենական պետության անդամ է։

Փոխնախարարի խոսքով՝ վերջնական իրավական ակտ դեռ չկա, բայց աշխատանքները շարունակվում են։ Ռուսաստանը դեռևս հայտարարություն չի տարածել։

Նշենք, որ հոկտեմբերին հայկական բեռնատարների վարորդները փակել էին Հայաստանից դեպի Վրաստան տանող մայրուղիները։ Ապա Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ռուսասական կողմը դիտարկում է կեցության ժամկետի երկարացումը 90-ից մինչև 180 օր։

Մարինա Գրիգորյան