ՀայաստանՔաղաքականություն

Երևանը բաց կթողնի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշքեկում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Վերջինիս խոսքով՝ Երևանը դեմ չի լինի գագաթնաժողովում փաստաթղթերի ընդունմանը, սակայն ներկայություն չի ապահովի։ Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Տաջիկստանի ղեկավարները։

Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում լարվածությունը շարունակվում է արդեն երկար ժամանակ։ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը և մոտ երկու տարի է՝ չի վճարում անդամավճարները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը «ավելի մեծ է, քան անդամակցության ապասառեցումը»։

Հիշեցնենք, որ Հայաստանը չի մասնակցել նաև նախորդ տարվա ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը անցկացվել էր Աստանայում։

Մարինա Գրիգորյան