ՀայաստանՍոցիալական

Ջնջվել է ՀԷՑ-ի՝ 2018-ից 2024 թվականների տվյալների ամբողջ բազան

Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ ընկերությունում արձանագրվել են էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության դեպքեր՝ խարդախ սխեմաների միջոցով։ Ըստ նրա՝ որոշ տեսուչներ իրական թվերի փոխարեն հավելագրումներ են կատարվել, որոնց բեռը դրվել է պետական ու համայնքային հիմնարկների՝ դպրոցների, բժշկական կենտրոնների, կոմունալ տնտեսության օբյեկտների և բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցերի վրա։

Պետրոսյանը նշեց, որ արդեն փաստաթղթավորված հավելագրումները հասնում են մի քանի միլիոն կիլովատ ժամի։ Այս պահին նախաձեռնվել է ավելի քան մեկ տասնյակ քրեական վարույթ։ Մեկ տեսուչ է կալանավորվել համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչում մեկ միլիոն դրամից ավել հավելագրումներ կատարելու մեղադրանքով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է մամուլում տարածված տեղեկությամբ, ըստ որի 2018–2024 թվականների սպառման տվյալները ՀԷՑ-ում անհետացել են։ Պետրոսյանը հաստատեց, որ նման ենթադրությունը հիմնավոր է, սակայն խնդիրն ավելի խորքային է. ՀԷՑ-ը չի ունեցել ներքին ստորաբաժանում 700 հազար հաշվիչների տվյալները սպասարկելու համար։ Այդ պատճառով համակարգի սպասարկումն իրականացվել է արտաքին կազմակերպությունների, այդ թվում՝ ռուսական ընկերությունների միջոցով։ Միաժամանակ համակարգում եղել է մոտ 40 տարբեր մուտք, ինչը անվտանգության լուրջ ռիսկեր է ստեղծել։

Պետրոսյանը հավելեց, որ 2025 թվականի հունվարին նկատել են, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում։ Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել համակարգի նկատմամբ արտաքին միջամտությունների մեծ ծավալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ուսումնասիրել ու հաստատել է մի շարք խախտումներ։ Այս մասով նախաքննությունը շարունակվում է մի քանի քրեական վարույթներով։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ՀԷՑ-ի՝ լիցենզիայից զրկման հիմնական վեց կետերից մեկը հենց այդ ջնջված տվյալների բազան է։ Նա նաև ընդգծեց, որ կարող են ենթադրել, որ այդ տվյալների բազաներում տեսանելի և ապացուցելի կլինեին նաև հավելագրումները։