ԱշխարհՀայաստանՏնտեսություն

Հայաստան-Չինաստան հարաբերություններում կա նոր դինամիկա

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության գործարկումից ի վեր Հայաստան-Չինաստան ապրանքաշրջանառությունը գրեթե եռապատկվել է։ Միայն 2024 թվականին երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 2,8 մլրդ դոլարը։

Այա մասին հայտարարել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի փոխտնօրեն Ցզին Չժենը Երևանի պետական համալսարանում անցկացված «Հայաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության զարգացման ենթատեքստերն ու հեռանկարները» միջազգային համաժողովի շրջանակներում։

Չժենը հիշեցրեց, որ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը միացել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Նա կարևորեց նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը, որի առանցքային դրսևորումներից է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ուղղված տարածաշրջանային նոր ուղիների ձևավորմանը։

Չինացի փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները դառնալու կապող հանգույց Սև ծովի և Պարսից ծոցի միջև։ 

Տնտեսական համագործակցության թեմային անդրադառնալով՝ Ցզին Չժենը նշեց, որ հայկական կոնյակն ու գինին բարձր պահանջարկ ունեն Չինաստանում, իսկ վերջին տարիներին Երևանում նկատելիորեն աճել է չինական արտադրության ավտոբուսների և էլեկտրամոբիլների կիրառումը։

Ցզին Չժենի գնահատմամբ՝ Հարավային Կովկասը ներկայումս գտնվում է խաղաղ զարգացման իրական հնարավորությունների փուլում։ «Եթե բոլոր կողմերը գործեն փոխվստահության և փոխադարձ հարգանքի միջավայրում, տարածաշրջանը կարող է դառնալ եվրասիական մայրցամաքը կապող առանցքային տրանսպորտային միջանցք»,– նշեց նա։

Մարինա Գրիգորյան