ԻրավականՀայաստան

ԲԴԽ ներկայացուցիչները ծանոթացել են Կանադայի դատական փորձին

Ավարտվել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադայի Դաշնային կառավարության Տեխնիկական Աջակցության գործընկերություն (TAP) ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքային այցը։

Պատվիրակության կազմում են եղել ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը, Վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը։

Տասնօրյա այցի ընթացքում Հայաստանի դատական իշխանության ներկայացուցիչները Տորոնտոյում և Օտտավայում հանդիպումներ են ունեցել կանադացի պաշտոնյաների հետ, ուսումնասիրել են Քվեբեկ նահանգի դատական համակարգի առանձնահատկությունները և ծանոթացել անչափահասների արդարադատության փորձին։

Քվեբեկում պատվիրակությունը այցելել է հանրային իրավական կրթության կենտրոն, որտեղ ներկայացվել է իրավական հարցերի մատչելի ու պարզ ձևով փոխանցման փորձը։

Դատական իշխանության պատվիրակությանն ուղեկցել է Կանադայի դաշնային կառավարության դատական գործերի հանձնակատարի գրասենյակի միջազգային ծրագրերի տնօրեն Օլեգ Շակովը, ով հոկտեմբերին Կանադայի պատվիրակության հետ այցելել էր Հայաստան։

Այցի ընթացքում հանդիպումներ են եղել նաև կանադահայ դատավորների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Մարինա Գրիգորյան