ԱրցախՄշակույթ

«Դեդո–բաբո» արձանը վանդալիզմի է ենթարկվել ադրբեջանցիների կողմից

Արցախի խորհրդանիշ դարձած «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը («Դեդո–բաբո») կրկին վանդալիզմի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է «Գեղարդ» գիտահետազոտական հիմնադրամը՝ հղում անելով թալիշ լրագրող Ռահիմ Շալիևի հրապարակմանը։

Շալիևը իր X միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են արձանի առջևի հատվածում արված ադրբեջաներեն գրառումներ։ Նրա հրապարակման մեկնաբանություններում ևս մեկ օգտատեր այլ տեսանյութ է տարածել, որտեղ հուշարձանի տարբեր հատվածներում նույնպես նկատվում են ադրբեջաներեն փորագրություններ ու գրառումներ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից և դրան հաջորդած Արցախի հայաթափումից ի վեր համացանցում պարբերաբար հայտնվում են լուսանկարներ ու տեսանյութեր՝ արձանը վնասելու, դրա ֆոնին Ադրբեջանի դրոշով լուսանկարվելու, հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ գրելու վերաբերյալ։

Միաժամանակ Ադրբեջանում հնչում են նույնիսկ արձանը քանդելու կոչեր։ Օգոստոսին Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը հայտարարեց, որ պետք է ապամոնտաժել հուշարձանը և դրա տեղում կանգնեցնել ադրբեջանցի զինվորին նվիրված հուշակոթող։

Հուշարձանի՝ վանդալիզմի ենթարկվելու մասին խոսել էինք նաև 2024 թվականին։ Այդ ժամանակ էլ առաջ էր քաշվում այն թեզը, որ «թեպետ հուշարձանը կառուցված է խորհրդային տարիներին ադրբեջանական գումարներով, սակայն այն «դարձել է հայկական անջատողականության խորհրդանիշ», ուստի պետք է ապամոնտաժվի»:

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը կառուցվել է 1967 թվականին։ Այն ստեղծել են քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը և ճարտարապետ Յուրի Հակոբյանը՝ կարմիր տուֆից։