ՀՀ վեց մարզերում շարունակվում են հրդեհների մարման աշխատանքները
ՀՀ վեց մարզերի տարբեր հատվածներում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարար, 10 ոստիկան, 103 էկոպարեկ, ինչպես նաև 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մարման գործընթացում օգտագործվել է նաև ՊՆ ուղղաթիռ, որով իրականացվել է 70 հետախուզական և հրդեհաշիջման թռիչք։
Փրկարարներին հաջողվել է մարել հրդեհները Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Զոլաքարի հարակից սարում, Լոռու մարզի Սպիտակի լեռնանցքում, Լեռնաջուրում, Սարատովկա–Նովոսելցովո հատվածում, Գոգարան–Սարալանջ գյուղերի մոտակայքում, ինչպես նաև Սյունիքի մարզի Իշխանասարում և Իշխանասար–Նորավանի շրջաններում։ Կոտայքի մարզում մարվել է Հրազդանի Մաքրավանի «Ձորքաշ» տարածքի հրդեհը, իսկ Արագածոտնի մարզում՝ Ապարանի ջրամբարի հարակից հատվածինը։
Միաժամանակ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուրի մոտ, Դիլիջանի ոլորանների անտառներում, ինչպես նաև Շիրակի մարզի Ձորաշենի մոտակայքում։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի երեք օջախներից երկուսը մարվել են, մնացածում աշխատանքները շարունակվում են։
Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն միացել են հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին։
Նշենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում խոշոր հրդեհներ են բռնկվել նոյեմբերի 21-ին, այդ թվում՝ Ադրբեջանի հետ սահմանակից հատվածում։ Որոշ վայրերում օջախները դեռևս չեն մարվել։ Հրդեհների պատճառների վերաբերյալ պետական մարմինները դեռ մեկնաբանություններ չեն տալիս։
