ՊՆ–ն աշխատանք կառաջարկի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին, իսկ պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է աշխատանք առաջարկել այն զինծառայողներին, ովքեր ծառայության ընթացքում ստացել են հաշմանդամություն։ Աշխատանքը անմիջական կապ չի ունենա զինվորական ծառայության հետ, սակայն հնարավորություն կտա օգտագործել նրանց փորձը և մասնագիտական գիտելիքները։
Այս մասին Հանրային հեռուստատեսությամբ քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Այսօր ունենք հնարավորություն հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար, ովքեր ունեն զինվորական որոշակի գիտելիքներ։ Նրանք կարող են ներգրավվել, օրինակ, զինկոմիսարիատներում աշխատանքի,– նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը կօգնի լուծել նրանց սոցիալական խնդիրները և բարելավել կյանքի որակը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արտեմ Մեհրաբյանն իր հերթին նշել է, որ տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող զինծառայողները կարող են աշխատանքի ընդունվել նաև ռազմարդյունաբերական ձեռնարկություններում։
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ պահեստազորի սպաները նույնպես կարող են վերադառնալ ծառայության՝ ՊՆ նախարարի հրամանով որոշված զորամասերում։ Միաժամանակ նրանք կպահպանեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը։
