ՀայաստանՊատահար

Հրդեհներ՝ միաժամանակ մի քանի մարզում

Վայոց ձորի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքների «Զիրակ» կոչվող աղբավայրերում բռնկված հրդեհի հետևանքով տարածվել է խիտ ծուխ՝ անհարմարություններ պատճառելով բնակիչներին։

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի փոխանցմամբ՝ տարածքում իրականացվում են հրդեհաշիջման անհրաժեշտ աշխատանքներ, և իրավիճակը վերահսկելի է։

Հիշեցնենք, որ հաջորդ տարվա մայիս ամսին Վայք համայնքում նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների տեսակավորման կայան, որը կսպասարկի մարզի բոլոր բնակավայրերը, իսկ տեսակավորման և նախնական մշակման ներդրումը, ըստ պատասխանատուների, կնպաստի թափոնների ծավալի նվազեցմանը և դրանց անվտանգ կառավարմանը։

Հրդեհային իրավիճակներ այս օրերին արձանագրվում են նաև հանրապետության մի շարք այլ հատվածներում։ Ճամբարակ-Թթուջուր ճանապարհի հատվածում հրդեհի երկու օջախ մարվել է, իսկ մնացած օջախներում հրդեհը մեկուսացվել է։ «Կազաչի» կոչվող տարածքում տեղի ունեցած հրդեհը ևս մեկուսացված է։

Հրդեհաշիջման աշխատանքներ են շարունակվում Ձորաշեն բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի տարածքում։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի սարերում և բնակավայրերին հարող հատվածներում բռնկված հրդեհները հաջողվել է մարել։

Մարինա Գրիգորյան